Ինչպե՞ս էր այս գրեթե անհայտ կազմակերպությունը 3 միլիարդ դոլարից ավելի ներդրում ներգրավելու ու շահագործելու երկաթուղին։ «Ռասիա ՖԶԷ»-ն մեկ այլ ոչ հայտնի՝ «Ռասիա գրուպ»-ի կազմի մեջ մտնող կազմակերպություն է։ «Ռասիա գրուպ»-ը գրանցված է Դուբայում։ Դուբայը Հայաստանի կառավարության 2012թ․
որոշմամբ համարվում է օֆշորային գոտի։
«Ռասիա»-ի մասին տեղեկությունները շատ սակավ են։ Այս ընկերության գործունեության մասին առաջին որոնումները միանգամից տանում են դեպի Հայաստան-Իրան երկաթուղի։ «Ռասիա»-ի
կայքում ևս տեղեկատվություն գրեթե չկա։ Երեք ենթաբաժնից բաղկացած կայքում կարդում ենք, որ մի ներդրումային ընկերություն է, որը ներգրավված է մի շարք ծրագրերում ԱՊՀ-ում, Բալկաններում ու Կենտրոնական Ասիայում։ Համացանցում որևէ տեղեկություն չկա Բալկաններում ու Կենտրոնական Ասիայում «Ռասիա»-ի ներդրումների մասին, փոխարենը տեղեկություններ կան «Ռասիա»-ի՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ներդրումային նպատակների, Հայաստանի հետ կնքած կոնցեսիոն պայմանագրերի մասին։
«Ռասիա»-ի կայքում նշվում է, որ իրենց թիմը բաղկացած է մասնավոր ներդրումային ընկերությունների, գլոբալ հանքարդյունահանող ընկերությունների և առաջատար իրավաբանական ընկերությունների ղեկավարներից, որոնք ունեն համալիր ներդրումների, բաժնետոմսերի ձեռքբերման, շրջանառության, կլանումներից պաշտպանության և ֆինանսական գործարքների տասնամյակների փորձ և ինստիտուցիոնալ ներդրողների, կառավարության առաջատար դեմքերի և սուվերեն ներդրումային ֆոնդերի հետ սերտ կապեր։
Այսպիսի «մասշտաբային ընկերության» կայքում որևէ հեռախոսահամար նշված չէ։ Իսկ ՍիվիլՆեթի մի քանի էլեկտրոնային հարցումներն այդպես էլ մնացին անպատասխան։ «Ռասիա»-ի բաժնետերերի մասին տեղեկություն նույնպես չկա։ Մի քանի անգամ Հայաստան է այցելել «Ռասիա»-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին, որը Հայաստանում ասուլիսի է մասնակցել ու այդպես էլ չի պատասխանել, թե ինչքան է «Ռասիա»-ի կապիտալը։